19/01/2011 18:06
«Արփա-Սևան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում
2011 թ-ի հունվարի 20-ից «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բաժնետոմսերի երկրորդական B ցուցակում: Թողարկողի 2,500 ՀՀ դրամ անվանական արժեքով այս բաժնետոմսերը թույլատրված են եղել բորսայական առևտրին դեռ 2001 թ-ից: Ներկայումս շուկայում շրջանառվում է թողարկողի թվով 20,452 հասարակ անվանական բաժնետոմս, իսկ թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 51,130,000 ՀՀ դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առևտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից B ցուցակման հարթակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը:
«Արփա-Սևան» ԲԲԸ-ն ստեղծվել է 1969 թ-ից գործող «Արփա-Սևանստրոյ» շինարար ընկերության հիման վրա և պաշտոնապես գրանցվել է 1998 թ-ին` լինելով իր ոլորտում առաջին ընկերություններից մեկը Հայաստանում: Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է կապիտալ շինարարության, քաղաքաշինության էներգետիկական, հատուկ հիդրոտեխնիկական և տրանսպորտային ոլորտներում: