19/01/2011 12:30
Մ. Գրիգորյան. Ադրբեջանի քարոզչությունն աբսուրդի է հասնում
Ադրբեջանի քարոզչական մեքենան ամեն տարի հունվարի 20-ը սկսում է ներկայացնել որպես իրենց շարժումը Կրեմլի կողմից տապալելու փորձ: Այս մասին այսօր ասուլիսում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը` հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում հակազդելու ադրբեջանական քարոզչությանը:
«Ադրբեջանն, իր քարոզչության մեջ, աբսուրդի է հասնում: Պետք է ակտիվ գործել»,- նշեց Մ. Գրիգորյանը:
Ըստ նրա` դեռ 1990-ական թվականներից միջազգային հանրությունը, մասնավորապես «Նյու Յորք Թայմս» թերթը, տվել է կատարվածի գնահատականը` «Ադրբեջանի պայքարն իր մեջ ներառեց արյունալի ջարդեր հայերի նկատմամբ»:
Ասուլիսին ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` ադրբեջանական պետական քարոզչությունն ասում է, թե հայերն իրենք են իրենց կոտորել` սկզբում Սումգայիթում, հետո Բաքվում, որպեսզի Ղարաբաղը կարողանան անջատել Ադրբեջանից:
Ըստ Ս. Մարտիրոսյանի` Ադրբեջանի քարոզչությունը հետզհետե ուժգնանում է և ազդեցություն թողնում: Նա նշեց, որ Ադրբեջանի վարչակազմը վերահսկում է երկրի մամուլը, որը «սպիտակեցնում է ջարդարարներին»:
Փորձագետը շեշտեց, որ դա չի կարող չմտահոգել մեզ, քանի որ Ադրբեջանի նոր սերունդը դաստիարակվում է այդ ոգով: