19/01/2011 12:50
«Կոլցո» գործողության մասին ֆիլմը կներկայացվի մինչև մայիս
1990-ականներին Ադրբեջանում հայերի կոտորածների վերաբերյալ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում պատրաստվել է երեք ֆիլմ, որոնցից առաջինը նվիրված է Բաքվի ջարդերին, երկրորդը` Սումգայիթին, երրորդը` Մարաղային: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում է Խոջալուի մասին ֆիլմ, իսկ մինչև այս տարվա մայիս հանրությանը կներկայացվի «Կոլցո» գործողության մասին ֆիլմը, քանի որ ապրիլին լրանում է այդ իրադարձությունների 20-րդ տարելիցը:
Մ. Գրիգորյանը հայտնեց, որ Բաքվի մասին ֆիլմը թարմացվել է, որովհետև գտնվել են նոր փաստեր, նոր վկայություններ: Ըստ նրա` ֆիլմերի համար փաստերի հավաքումը նպաստում է նաև, որ տվյալներ փնտրելիս գտնվում են փաստաթղթեր, որոնք ոչնչացման եզրին էին գտնվում: Մասնավորապես, գտնվել է մի տեսաժապավեն, որը եթե մեկ ամիս ուշ հայտնաբերվեր, արդեն վերականգնել չէր լինի: Այժմ այդ ժապավենը թվայնացվել է:
«Գտել ենք ոչ միայն 1990-ին, այլև 1989-ին զոհերի ոչ ամբողջական ցուցակ»,- նշեց Մ. Գրիգորյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, իր հերթին, հայտնեց, որ թեև հայտնաբերված են նոր տեղեկություններ, սակայն Բաքվի ջարդերի զոհերի բոլոր ցուցակները, բոլոր անունները չկան: Ընդ որում, տարբեր աղբյուրներում բերվող տվյալները տարբերվում են. նշվում է 44, 90, 60 զոհերի մասին: