19/01/2011 15:42
ՄԽ ձևաչափի փոփոխությունը` ներգրավելով Վրաստանը, անհնար է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով պետք է զբաղվի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, Aysor.am –ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունը, թե Թբիլիսին պատրաստ է կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնել:
«Դա պատահականություն չէ, որ կարգավորմամբ զբաղվում է հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ էլ` երկշաբաթյա որոշում: Դա մի ձևաչափ է, որը գոյություն ունի արդեն համարյա երկու տասնամյակ», - նշեց նա:
Ըստ քաղաքագետի` Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը Վրաստանի ներգրավմամբ բացարձակապես անհնար է:
«Ես չգիտեմ, ասել է Վաշաձեն դրա մասին, թե ոչ, քանի որ եղել են նաև հերքումներ, բայց դա կարող էր լինել նաև քաղաքավարության մի դրսևորում կամ դիվանագիտական նախապատվության ցուցադրում», – ասաց քաղաքագետը: