19/01/2011 15:09
Ադրբեջանը խոչընդոտել է ԵԱՀԿ պլանային դիտարկմանը
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ առաքելությունն, այսօր` հունվարի 19-ին, պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված են եղել նրա դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը, Վիլյամ Պրայորը և Ժասլան Նուրտազինը:
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը և ԳՆԱՆ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: