21/01/2011 11:28
Ադրբեջանի ԶՈՒ հրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլև դիվերսիոն գործողությունների փորձեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ լրատվական բաժնից:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլը կատարվեց հունվարի 20-ին` շփման գծի հարավային հատվածում տեղաբաշխված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Ժամը 18.00-ի սահմանում Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:
Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: