21/01/2011 14:18
«Orange»-ը` «Եվրո-2012»-ի պաշտոնական հովանավոր
Հունվարի 19-ին «Orange»-ը հայտարարեց 2012 թ. հունիս-հուլիս ժամանակահատվածում Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական հովանավորը լինելու մասին` այսպիսով միանալով ՈՒԵՖԱ-ի գործընկերը դարձած համաշխարհային ապրանքանիշերի ընտանիքին: Որպես գլոբալ հովանավոր` «Orange»-ը հնարավորություն կունենա «EURO-2012»-ի շրջանակներում իր 11 եվրոպական շուկաներում ներկայացնել «Եվրո-2012»-ի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր ծառայություններ, այդ թվում` հատուկ «EURO-2012»-ի համար մշակված և բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագրային հավելվածը: «Orange Լեհաստանը» կլինի «EURO-2012»-ի պաշտոնական տեխնոլոգիական գործընկերը, որի շրջանակներում կտրամադրի ամրակցված և անլար կապի ամբողջական ծառայություններ:
Որպես ընկերության կողմից երբևէ հովանավորված առաջին իսկապես համաեվրոպական սպորտային իրադարձություն` «EURO-2012»-ը վերահաստատում է «Orange»-ի ցանկությունը` տրամադրել իր հաճախորդներին վերջիններիս հետաքրքիր ու սիրելի բովանդակություն` այս անգամ սպորտային համատեքստում: Գիտակցելով, որ սպորտը և հատկապես ֆուտբոլն իր բազմաթիվ հաճախորդների համար իսկական տարերք է, «Orange»-ն իր եվրոպական երկրներում սպորտային այս իրադարձությունը կյանքի կկոչի ինտերնետային և բջջային պլատֆորմների միջոցով` առաջարկելով հատուկ բովանդակություն ու ծառայություններ և, այսպիսով, հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին` լավագույնս վայելելու առաջնությունը:
«Սա կարևոր իրադարձություն է «Orange»-ի համար, որով խանդավառված ենք բոլորս: Սա հովանավորության ամենամեծ համաեվրոպական նախագիծն է, որում ներգրավվել ենք, և վկայում է Եվրոպայում մեր բրենդի հզորացման մասին: Ինչպես ՈՒԵՖԱ-ի համար` երկրպագուները, այնպես էլ մեր բաժանորդներն են մեր արժեհամակարգի կենտրոնում: Սա հրաշալի համադրում է, և միասին մենք մեր բաժանորդներին ու երկրպագուներին ավելի կմոտեցնենք այն ամենին, ինչը նրանք սիրում են»,- նշեց «Orange Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ Օլաֆ Սուանտին:
«Մենք մեծ ուրախությամբ ենք ողջունում «Orange»-ի մուտքը 2012 թ. կայանալիք ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հովանավորողների ընտանիք: Մենք ակնկալում ենք, որ «EURO-2012»-ը մեծ հաջողություններ կունենա, և շատ ոգևորված ենք, որ Եվրոպայի ազգային հավաքականների էլիտար մրցաշարն այս անգամ անցկացվելու է Լեհաստանում և Ուկրաինայում: Մեզ համար վճռորոշ նշանակություն ունեն մեր գործընկերների` «Orange»-ի կողմից առաջարկվող ծառայությունները և տեխնիկական աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռելու ապահովել խաղերի ուղիղ հեռարձակումը Լեհաստանի մարզադաշտերից ՈՒԵՖԱ-ի շատ այլ հեռարձակող գործընկերներին և այնուհետ ֆուտբոլասերներին ողջ աշխարհում: Ի լրումն վերն ասվածի` 2012 թ. ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում «Orange»-ի կողմից մշակված բազմաթիվ ծառայությունների շնորհիվ ֆուտբոլասերները նոր հնարավորություններ կունենան` վայելելու և միմյանց հետ կիսվելու Եվրոպայի ազգային թիմային մրցաշարի տպավորություններով»,- ասաց ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Դավիդ Թեյլորը:
Հովանավորության նախագծի մանրամասների վերաբերյալ վերջնական որոշումները կկայացվեն յուրաքանչյուր երկրի համար առանձին, սակայն այս նախագծի շրջանակներում հաճախորդներին ուղղված գործունեության հիմնական բաղադրիչներից են լինելու ֆուտբոլային տոնին մասնակցության տոմսերը, «Orange» և «EURO-2012» ապրանքանիշերի բացառիկ նվերները, ինչպես նաև այլ անակնկալներ: Ավելին` բջջային հեռախոսների համար նախատեսված պաշտոնական ծրագրային հավելվածը, որը կմշակվի ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցությամբ, կներառի նոր ու հետաքրքիր բովանդակություն:
Պայմանագրում ընդգրկված երկրներն են Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Շվեյցարիան և Հայաստանը:
«Orange Արմենիան», որպես միջազգային բրենդի և Խմբի անդամ ընկերություն, Խմբի գլոբալ համագործակցության շնորհիվ իր բաժանորդներին նույնպես թույլ կտա մասնակցել համաեվրոպական այս մեծ տոնին, որը միավորելու է Եվրոպայի բոլոր ֆուտբոլասերներին և դառնալու է 2012 թ. ամենակարևոր իրադարձություններից մեկը: Ինչպես միշտ, միջոցառման հովանավորությունը չի սահմանափակվելու միայն ապրանքանիշի տեսանելիությամբ և բազմաթիվ առավելություններ է տալու «Orange»-ի, այդ թվում` «Orange Արմենիայի» բաժանորդներին: