22/01/2011 12:25
Զարգացման հայկական գործակալություն. Սպասվում է հագեցած տարի
Այս տարի ապրիլին Երևանում տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողով` նվիրված ինովացիոն տեխնոլոգիաներին: Համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան կժամանեն 40 նահանգապետեր և շուրջ 200 ձեռնարկությունների ղեկավարներ: Միջոցառումը կազմակերպում է Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ)` «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համատեղ:
Ինչպես Aysor.am-ին հայտնեց ԶՀԳ մամլո պատասխանատու Մերի Մելիքյանը, համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև հայ-ռուսական ցուցահանդես, կանցկացվեն B2B կլոր սեղան-քննարկումներ:
Մ. Մելիքյանը տեղեկացրեց, որ գործակալությունում նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև մարտին` ՀՀ նախագահի Լատվիա կատարվելիք այցելության շրջանակներում, հայ-լատվիական գործարար համաժողովի կազմակերպման ուղղությամբ: Առևտրատնտեսական կապերի ստեղծման նպատակով Լատվիա կմեկնի հայ գործարարների պատվիրակություն` պատրաստի բիզնես առաջարկներով:
Հանքարդյունաբերության վերաբերյալ ցուցահանդես է բացվելու մարտի 3-5-ը Տորոնտոյում, որտեղ, ըստ Մ. Մելիքյանի, հայկական պատվիրակությունը կներկայացնի ներդրումային ծրագրեր:
Դուբայում փետրվարի 27-ից մարտի 2-ը կայանալու է Պարսից ծոցի երկրների Gulfood ցուցահանդեսը: Սա տարածաշրջանում սննդի արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է, որի ժամանակ գործելու են 81 միջազգային տաղավարներ: Նախատեսվում են 152 երկրներից ավելի քան 55 հզ. գնորդներ: Ներկայումս ԶՀԳ-ում ընդունվում են մասնակցել ցանկացող հայկական ձեռնարկությունների հայտերը:
Մ. Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվայում պետք է տեղի ունենա ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջոցառում:
«Տարվա առաջին կեսը բավականին հագեցած է լինելու, և նախապատրաստական աշխատանքները բուռն կերպով ընթանում են»,- նշեց Մ. Մելիքյանը: