22/01/2011 14:55
«Սահակաշվիլիի այցը հեղափոխական փոփոխությունների չի հանգեցնելու»
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան լինելու է զուտ աշխատանքային և երկկողմ հարաբերություններում որևէ հեղափոխական փոփոխությունների չի հանգեցնելու: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ բանախոսի` այցի շրջանակներում կխոսվի ենթակառուցվածքների և ջավախահայության վիճակի մասին: Փորձագետի կարծիքով, քննարկվելու է նաև ռուս-վրացական հարաբերություններում Հայաստանի հնարավոր միջնորդության հարցը:
Սերգեյ Մինասյանի կանխատեսմամբ` Վրաստանի և Հայաստանի նախագահների պատվիրակությունների հանդիպման ժամանակ կարող է քննարկվել նաև Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրը: Ըստ բանախոսի` Հայ Առաքելական Եկեղեցուն, ինչպես նաև` այլ կրոնական համայքներին իրավաբանական կարգավիճակ չտալու հանգամանքը, հիմնականում, պայմանավորված է Վրաց Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշմամբ:
«Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին մեծ դերակատարություն ունի այդ երկրի ներքին կյանքում»,- հավելեց նա` հույս հայտնելով, որ հայկական եկեղեցիների խնդիրը ավելի հանգամանալից կքննարկվի, ինչպես նաև` որոշ լուծումներ կտրվեն այս տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վրաստան նախանշված այցի շրջանակներում:
Ասուլիսի մյուս մասնակից` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանն իր հերթին տեսակետ հայտնեց, որ հայ-վրացական հարաբերություններում եկեղեցիների պատկանելության հարցը բորբոքվում է նաև Թուրքիայի կողմից:
«Թուրքիան խոշոր արկածախնդրության է գնացել` խնդիր հարուցելով իր տարածքում քաղկեդոնական եկեղեցիների պատկանելության շուրջ, քանի որ նրանց մի մասը հայկական են: Նվիրելով այդ եկեղեցիները Վրաստանին` Թուրքիան լարվածություն է ստեղծում երկու երկրների միջև»,- կարծիք հայտնեց քաղաքագետը: