24/01/2011 11:53
Ա. Պողոսյան. Հացի թանկացման պատասխանատուն ՏՄՊՊՀ-ն է
Այսօր Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասուլիսում նշեց, որ հանրապետությունում հացը թանկացել է 20 դրամով և դա, անխոս, «ազդում է ընտանեկան բյուջեի վրա»: Որպես այս թանկացման պատասխանատուներ Ա. Պողոսյանը նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Գյուղատնտեսության նախարարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը:
Դիտարկմանը, թե ՏՄՊՊՀ-ի տվյալներով` հացը թանկացել է 8 դրամով, Ա. Պողոսյանը նկատեց, որ 20 դրամով թանկացումից հետո այժմ գնի որոշ նվազում է դիտվում:
«Այս թանկացումն անվերահսկելիության պատճառով է: Պատասխանատուն ՏՄՊՊՀ-ն է»,- հայտարարեց Ա. Պողոսյանը:
Ըստ Ա. Պողոսյանի, ՀՀ-ն լավագույն դեպքում կարող է ապահովել պահանջարկի 40 %. «Արարատյան հարթավայրի հողերը, որ կարող են ավելի բարձր արժեքով արդյունք ապահովել` խաղող և այլն, դրված են հացահատիկի մշակության տակ: Գյուղացիները վարում են մշակության այն ձևը, որն ավելի հեշտ է»:
Ընդգծենք, որ հացահատիկ ներկրող «Մանչո գրուպ» ընկերության ղեկավար Իվան Մոսոյանը չէր ներկայացել լրագրողների հետ հանդիպմանը, իսկ որպես պատճառաբանություն բերվել էր այն, որ նա հանրապետությունում չէ: