24/01/2011 15:35
Բնապահպան. «Մենք կանգնած ենք լուրջ որոշումներ կայացնելու շեմին»
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջին նշեց, որ այն մարդիկ, ովքեր որոշումներ են ընդունում, ավելի շատ անտառը դիտարկում են մարդկանց համար, իսկ էկոլոգները` մարդիկ անտառի համար:
Հիշեցնենք, որ տեսակամուրջի թեման էր «Անտառնե՞րը մարդկանց համար, թե՞ մարդիկ անտառների»:
«Մեծ տարբերություն կա մոտեցումներում և անգամ տարբերություն կա իրավիճակը ընդունելու առումով. մենք չենք գնահատում անտառների նշանակությունը»,- շեշտեց Կ. Դանիելյանը և հավելեց, որ ակնհայտ է, որ գնալով աշխարհում իրավիճակը վատթարանում է:
Բանախոսի կարծիքով, միջազգային հասարակայնությունը պետք է գնահատի այն երկիրը, որը պահպանում է անտառը, և դա արտահայտվի ֆինանսապես:
«Մենք կագնած ենք լուրջ որոշումներ կայացնելու շեմին»,- հայտարարեց բնապահպանը:
Կարինե Դանիելյանը հիշեցրեց Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդիի խոսքը 1992թ.-ին Ռիոյի Երկրին նվիրված գագաթաժողովում, երբ նա, դիմելով արևմտյան քաղաքակրթության կրողներին, ասաց. «Այդ դուք եք մեղավոր այն բանի համար, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա, դուք եք մարդուն վեր դասել բնությունից, Ձեր ամբիցիաներն են կործանում մոլորակը»:
«Մենք փոքրիկ մասնիկն ենք բիոսֆերայի, եթե մենք չենթարկվենք բիոսֆերայի օրենքներին` կոչնչանանք: Այն վնասը, որ հասցնում ենք բիոսֆերային` բումերանգի նման վերադառնում է»,- համոզմունք հայտնեց բնապահպանը:
Նշենք, որ որ 2011թ.-ը ՄԱԿ-ը հայտարարել է անտառների պահպանության տարի: