25/01/2011 14:08
Հայաստանը և ԳԴՀ-ն կհամագործակցեն ռազմական ոլորտում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Շոհան Շմիթին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: