25/01/2011 09:17
Դոմոդեդովո. Հաստատվել է զոհերից 18-ի ինքնությունը
Հունվարի 25 առավոտվա դրությամբ Մոսկվայի հիվանդանոցներում շարունակում են մնալ Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 87 տուժածներ: Նրանցից ութը օտարերկրյա քաղաքացիներ են:
Նշենք, որ համաձայն ՌԴ ԱԻՆ հրապարակած ցուցակների` տուժածների թվում երկու հայազգի քաղաքացի կա` Գուրյան Վարդանի Խաչատուրովը (1946 թ. ծնված) և Յուրի Ալբերտի Վարդանովը (1953 թ. ծնված): Ավելի վաղ հրապարակվել էր տեղեկատվություն նաև 1969 թ.ծնված Կարեն Միխայիլի Գալուստյանի վերաբերյալ, սակայն նորացված ցուցակներում Կարեն Գալուստյանը չի հիշատակվում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով դատափորձագիտական քննության ներկայացուցչին, արդեն իսկ ոչ պաշտոնապես հաստատվել է զոհերից 18-ի ինքնությունը: 12 զոհվածների ինքնությունը դեռ պարզված չէ:
Աղբյուրը նշել է, որ այս տվյալների մեջ ներառված չեն զոհերի չորս մարմիններ և մարմինների բազմաթիվ հատվածներ, որոնք պետք է դեռ փորձագիտության ենթարկվեն:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ահաբեկչությունը տեղի է ունեցել նախօրեին` տեղական ժամանակով 16:32-ին: Ըստ նախնական տվյալների` պայթյունի հզորությունը, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, կազմել է տրոտիլային համարժեքով 5 կգ: Հարուցված է քրեական գործ` ՌԴ ՔՕ երեք հոդվածներով, այդ թվում` ահաբեկչության:
Համաձայն վերջին տվյալների` ահաբեկչության հետևանքով զոհվել է 35 մարդ: