25/01/2011 17:19
Կազիմիրով. Ադրբեջանը խախտել է 1995-ի համաձայնագիրը
Չնայած թերահավատ գնահատականներին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը չափազանց դանդաղ, բայց շարժվում է: Այս մասին այսօր տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:
«Սա այն միակ հակամարտություններից մեկն է, որ պահանջում է շատ համբերություն»,- ասաց նա` հավելելով, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանակցությունները հեռու մնան կողմերի ծայրահեղական տրամադրություններից:
Դեսպանը նշեց, որ անհրաժեշտ է ձերբազատվել այն ձևակերպումներից, որոնք ավելացվել են զինադադարի ստորագրումից հետո: Ըստ Կազիմիրովի` անհրաժեշտ է, որ կողմերը վերադառնան այն իրողություններին, որոնք եղել են փաստաթղթի ստորագրման ժամանակ: Նա նկատեց, որ հայտարարությունները, թե պետք է ամրապնդել զինադադարի ռեժիմը, զուրկ են տրամաբանությունից, քանի որ 1995 թվականի փետրվարին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները նման փաստաթուղթ արդեն ստորագրել են:
«Զարմանալի է, որ այդ պայմանավորվածությունը երբեք չի իրականացվել: Երևանն ու Ստեփանակերտը միշտ հիշեցրել են այդ փաստաթղթի գոյության մասին, մինչդեռ Ադրբեջանը ընտրել է եզակի տարբերակ` բացարձակ լռել դրա մասին, թեև Աստանայում Ադրբեջանի նախագահը խոսել է նման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Եթե նման փաստաթուղթ արդեն իսկ գոյություն ունի և երեք երկրների ղեկավարների հավանությամբ ստորագրվել է պաշտպանության նախարարների կողմից, ապա այն պետք է իրագործվի` հատկապես լարված իրավիճակների դեպքում»,- ասաց ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը:
Ըստ դեսպանի` հակամարտության լուծման համար անհրաժեշտ է նաև, որ այն ազատվի էությունը խեղաթյուրող ստից: Կազիմիրովը նշեց, որ սուտը ոչ միայն բարդացնում է գործընթացը, այլև ծառայում է «սեփական ժողովրդին հիմարացնելու» խնդրին:
Նա հիշեցրեց, որ երբ 1995 թվականի փետրվարին Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովի մասնակցությամբ նախանշված էր զորքերի հեռացման մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումը, կողմերից մեկը հրաժարվել էր:
«Որոշում էր կայացվել ասիմետրիկ հեռացման մասին, սակայն կողմերից մեկը հրաժարվեց, իսկ այնուհետև գնաց դիրքերի առաջ բերման, որպեսզի հնարավոր լինի նռնակներ նետել: Ո՞վ է դա արել: Գուշակե 'ք »,- ասաց դեսպանը: