26/01/2011 15:13
«Եթե պայմանները վատը լինեն, Բաքու գնալն անիմաստ կլինի»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2011 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի կունենա աշխարհի բռնցքամարտի առաջնությունը, որը վարկանշային կարգավիճակ ունի: Այլ կերպ ասած` ավելի բարձր վարկանիշ ձեռք բերած երկրները կկարողանան ավելի շատ մասնակիցներ ունենալ Լոնդոնում 2012 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերում: Վարկանշային երկրորդ առաջնության կազմակերպման իրավունքն էլ տրվել է Ստամբուլին: Սա նշանակում է, որ հայ բռնցքամարտիկներն այս տարի նաև լուրջ հոգեբանական խնդիրներ պետք է հաղթահարեն` լավ հանդես գալու և վարկանիշ ձեռք բերելու համար: Բայց ասել, որ միջազգային ու եվրոպական ֆեդերացիաները այսպիսի որոշումներով պահպանել են հավասար պայմանների ապահովման սկզբունքը, սխալ կլինի:
Անդրադառնալով այս հարցին` այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը մասնավորապես հայտարարեց. «Առայժմ վերջնականապես հստակեցված չէ` արդյոք կմասնակցե՞նք Բաքվի մրցաշարին, թե՞ ոչ: Եթե ընդունող կողմը վատ պայմաններ է ապահովում, ինչպես եղավ նախորդ անգամ, գնալն անիմաստ է: Մեր որոշումը կախված կլինի այն հանգամանքից, թե առաջնության կազմակերպիչն ինչպիսի պայմաններ է ապահովում մեր պատվիրակության համար և ինչպիսի երաշխիքներ է տրամադրում»: