26/01/2011 11:31
Փորձագետ. Բանակցային գործընթացի նոր միտումներ իրականում չկան
«ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի նոր միտումներ իրականում չկան: Այս պահին միջնորդների ջանքերն ուղղված են բանակցային գործընթացը որպես այդպիսին պահպանելու համար»,- այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը:
Այս առումով նա պատահական չհամարեց երկու օր առաջ Բաքվում ԵՄ ներկայացուցչի հնչեցրած միտքը, որ այս պահին հրադադարի ռեժիմի ամրապնդումն է կարևոր, քանի որ բոլորին անհանգստացնում են ռեժիմի խախտումները:
Գ. Բաղդասարյանը գտնում է` լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և այլ` ռազմական ճանապարհ ընտրել: Ըստ նրա, վերջին տարում նման առաջարկներ են հնչել նաև հայկական երկու կողմերից, սակայն մեր դեպքում խոսքը չի գնում ռազմական ճանապարհի մասին:
«Ադրբեջանի ռազմական հռետորությունն ուժեղանում է, երբ խոսք է գնում բանակցային գործընթացում լավ հնարավորության մասին կամ բարձր մակարդակով հանդիպումներից առաջ: Պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ուզում ոչ մի զիջման գնալ»,- նշեց Գ. Բաղդասարյանը: