26/01/2011 11:50
Գ. Բաղդասարյան. Ղարաբաղյան գործոնը պետք է ուժեղանա
«ԼՂ միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունները ոչինչ չեն անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը:
Փորձագետը «ողջունելի» անվանեց ՀՀ Աժ-ում «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը, սակայն, ըստ նրա, շատ ավելի բարձր է ԼՂ գործոնի ընդունումը. «Նախքան ԼՂՀ ճանաչումը հայկական հանրությունը պետք է նպաստի, որպեսզի ճանաչվի ղարաբաղյան գործոնը` Ղարաբաղն իր խոսքն ունենա համահայկական հարթության մեջ, և ոչ միայն ԼՂ հարցում»:
Գ. Բաղդասարյանի խոսքով` երկու պետությունների բարձրագույն իշխանություներն ինտեգրվել են, մինչդեռ հանրությունները` ոչ, իսկ սա հիմք է ղարաբաղյան գործոնի ճանաչման համար:
Գ. Բաղդասարյանը կարծում է, որ նախագահների կամ միջնորդների ամեն հանդիպումից նորությունների սպասելու վիճակը շեղում է ուշադրությունը ԼՂ ներպետական խնդիրներից:
«Աշխարհը զարգանում է, և մենք էլ սրանից դուրս խնդիրներ ունենք. պետք է ստեղծենք ժողովրդավարական պետություն, ինչի արդյունքում կլուծվեն մյուս հարցերը»,- նկատեց Գ. Բաղդասարյանը:
Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ Սուդանը նախադեպ չէ ԼՂ համար, քանի որ այնտեղ հանրաքվեի անցկացման հարցում կար բոլոր կողմերի համաձայնությունը. «Ավելի նախադեպային է Կոսովոն»: