26/01/2011 14:26
Պատգամավոր. ԼՂՀ հարցի լուծումը` միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում
Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի փորձերին` տեղափոխել ԼՂ կարգավորման հիմնահարցը այլ միջազգային կառույցներ: Բանախոսը նշեց, որ ԵԽԽՎ-ում պաշտոնական ներկայացուցիչների, մասնավորապես` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ելույթով Անկարան ևս մեկ անգամ «տուրք տվեց իրեն վաղուց արդեն վարկաբեկած սկզբունքի ` նախապայմաններով խոսելու սկզբունքին»:
«Առավել քան ակնհայտ է, որ ԼՂՀ-ն ինքնորոշվել է իր տարածքում, որևէ այլ տարածք չի օգտագործել, ավելին` ԼՂՀ-ի հիմնադիր տարածքներից մեկը` Շահումյանը, մինչ այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի մեջ, և եթե կա այլ պետության օկուպացիայի մասին խնդիր, ապա Թուրքիան պետք է առաջինն իրեն ցույց տա որպես մեր բարեկամ երկրի` Կիպրոսի տարածքի օկուպանտ», -ասաց պատգամավորը:
Գ.Մինասյանը բացառեց ԼՂ հիմնախնդրի` որևէ այլ միջազգային կառույց տեղափոխելու հնարավորությունները, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդարացնում է իր նկատմամբ սպասումները:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն է օժտված ԼՂ խնդիրը լուծելու մանդատով: Որևէ այլ ձևաչափ չի կարող ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա, որովհետև այն մեխանիզմները, որոնք դրված են Մինսկի խմբի հիմքում, ունիկալ են», - հայտարարեց նա:
Ըստ բանախոսի` հայկական կողմը պետք է մեծացնի Մինսկի խմբում ունեցած իր ձեռքբերումները՝ միաժամանակ միջազգային կառույցներում փորձելով ներկայացնել խնդրի էությունը: