26/01/2011 10:52
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում սգո օր է հայտարարված
Հունվարի 26-ը Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում հայտարարված է սգո օր` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Չորեքշաբթի Մերձմոսկովյան շրջանում և մայրաքաղաքում իջեցված կլինեն այս երկու շրջանների դրոշները, հաղորդում է «Ինտերֆաքս-ը»:
Հեռուստառադիոընկերություններն ու մշակութային հաստատությունները չեղյալ են հայտարարել նախապես ծրագրված բոլոր ժամանցային հաղորդումներն ու միջոցառումները: Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ ահաբեկչության զոհերի:
Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16.32-ին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով, 5 կգ տրոտիլային համարժեքով հզորությամբ պայթուցիկ սարքը գործի է դրել դիմավորողների բազմության մեջ գտնվող մահապարտ-ահաբեկիչը։