27/01/2011 15:11
Մ. Եղիազարյան. Ադրբեջանի սադրանքները հոգեբանական գրոհ են
«Ես այսօր խաղաղ կարգավորման գործընթաց չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով արցախյան հիմախնդրին, նման տեսակետ հայտնեց «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար, արցախյան ազատամարտի մասնակից Մանվել Եղիազարյանը` հավելելով, որ եթե երկու կողմերն ունեն խնդիր, և կողմերից մեկն անընդհատ զինվում է, ապա խաղաղ կարգավորման գործընթացը ուղղակի բացառվում է:
«Երբ հակառակորդը անընդհատ զինում է իր բանակը, ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ այդ զենքը չի ջարդվի իմ գլխին», - նշեց Մանվել Եղիազարյանը:
«Մենք կանգնած ենք չոր դիրքերի վրա»,- անդրադառնալով բանակցային գործընթացին` նշեց Մանվել Եղիազարյանը, հավելով, որ հայկական կողմը չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների:
Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի և ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի՝ հաճախակի դարձած, սադրանքներին` Մանվել Եղիազարյանը նշեց, որ այս տարի սադրանքներն ավելի կշատանան:
«Դա հոգեբանական գրոհ է», - նշեց ազատամարտիկը` հավելելով որ այս քայլերով ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ բան ապացուցել մեր իշխանություններին` միևնույն ժամանակ ձգտելով սարսափի մեջ պահել հայ ժողովրդին: