27/01/2011 12:39
Լևոն Արոնյանը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ
Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Հայ գրոսմայստերն այժմ իր ակտիվում 6,5 միավոր ունի և Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը համապատասխանաբար առավելության հասան Վիշյե-Լագրավի ու Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և, վաստակելով 7-ական միավոր, հաշվետու տուրից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ավելացնենք, որ վաղը կայանալիք 11-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Ռուսլան Պոնոմարյովի հետ:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը Լիմի հետ պարտիայում կրեց այս մրցաշարում իր առաջին պարտությունը: Հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր և Տկաչևի, Մակշեյնի ու Նավարայի հետ կիսում է 3-5-րդ հորիզոնականները: Այս մրցաշարում նույնպես առաջատարները երկուսն են` Սոն ու Եֆիմենկոն, ովքեր իրենց ակտիվում 6,5-ական միավոր ունեն: