27/01/2011 09:24
ԵԽԽՎ-ում կքննարկեն Բելառուսում տիրող հետընտրական իրավիճակը
Այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) Ստրասբուրգում կքննարկի Բելառուսում տիրող իրավիճակը:
Քննարկմանը ներկայացված բանաձևում նշվում է, որ ԵԽԽՎ-ն անհանգստացած է Բելառուսում դեկտեմբերին կայացած ընտրություններից հետո ընդդիմադիրներին հետապնդման փաստերով:
Բելառուսի իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուներին և նրանց կողմնակիցներին, ովքեր ձերբակալված են դեկտեմբերի 19-ին Մինսկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում:
Բանաձևի նախագծում նաև նշվում է ԵԽԽՎ մտադրությունը` ժամանակավորապես դադարեցնել ԵԽԽՎ – Բելառուսի իշխանություններ շփումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: