27/01/2011 16:35
«Հրեական համայնքը պատրաստ է Հայաստանի ամբիոնը դառնալ»
«Հայաստանի հրեական համայնքը կարող է դառնալ Հայաստանի համար այն ամբիոնը, որը միջազգային տարբեր ասպարեզներում կներկայացնի երկրի բոլոր խնդիրներն ու դիրքորոշումները»,- այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը` նշելով, որ համայնքն ակտիվ աշխատանք է տանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
«Մենք բազմիցս ենք դիմել Իսրայելի Քնեսեթին` խնդրելով ճանաչել Ցեղասպանությունը: Մենք գտնում ենք, որ ցանկացած ցեղասպանության մերժումը մարդկության հանդեպ ոճրագործություն է»,- ասաց նա:
Ռ. Վարժապետյանն անդարարձավ նաև Հայաստանի իշխանությունների կողմից համայնքին ցուցաբերվող աջակցությանը: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում Վայոց ձորի մարզում կբացվի հրեական ազգագրական թանգարան` երկրագիտական թանգարանի հիման վրա, որտեղ կներկայացվեն Եղեգիսի միջնադարյան հրեական համայնքի և գերեզմանոցի հետ կապված ազգագրական նյութերը: Բանախոսը շնորհակալություն հայտնեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի ղեկավարությանը` թանգարանի բացմանն աջակցելու համար: