29/01/2011 11:15
Իրանում մահապատժի են ենթարկել Նիդեռլանդների քաղաքացու
Իրանում մահապատժի է ենթարկվել Նիդեռլանդների քաղաքացի, ով նաև ուներ իրանական անձնագիր: Այդ մասին, համաձայն «Լենտա.ռու-ի», հաղորդում է AFP-ն` վկայակոչելով իսլամական հանրապետության պետական լրատվամիջոցներին:
Զահրա Բահրամին (Zahra Bahrami) ծնվել է Իրանում, սակայն բնակություն է հաստատել Նիդեռլանդներում: Նա դատապարտվել էր մահվան` թմրանյութեր պահելու և տարածելու համար: Ինչպես հաղորդել են իրանական լրատվամիջոցները, հանցագործ կնոջը, ով ունեցել է իր մոտ 1 կգ թմրանյութ, ձերբակալել էին 2009-ի դեկտեմբերին:
Մինչդեռ, ըստ այլ աղբյուրների, ոստիկանությունը Բահրամիին ձերբակալել է հակակառավարական հանրահավաքի ժամանակ, երբ նա Իրան էր ժամանել` հարազատներին այցելելու պատրվակով:
Նշենք, որ Իրանի իշխանությունները մերժել են հոլանդացի դիվանագետներին տեսակցել կալանավորված Բահրամիին` վերջինիս երկքաղաքացիությունը չճանաչելու պատճառով: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բահրամիի գործով հետաքրքրությունը` փորձ է միջամտել երկրի ներքին գործերին և ճնշում գործադրել դատավարության ընթացքին: