31/01/2011 13:44
Ասորիները կոչ են անում ՄԱԿ-ին ազդել Բաքվի վրա
ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ Ադրբեջանում և այլ երկրներում ազգային փոքրամասնությունների խնդիրները որոշակի լուծում գտնեն, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոևը:
Բանախոսը նշեց, որ ներկայումս աշխարհի տարբեր երկրներով սփռված ասորական համայնքը կանգնած է մշակութային ժառանգությունը պահպանելու խնդրի առջև, իսկ այն երկրներում, որտեղ վերջին երկու տասնամյակներում մեծ թվով ասորի փախստականներ են իջևանել, միջէթնիկ բախումների վտանգ է առաջացել:
Բանախոսն ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ մինչև Ղարաբաղյան պատերազմն Ադրբեջանում բնակվում էր 6- հազարանոց ասորական համայնք, որի ներկայացուցիչների մեծ մասը տարբեր պատճառներով ստիպված էր հեռանալ Ռուսաստան և այլ երկրներ:
«Այսօր 6 հազարանոց այդ համայնքից շուրջ 2,5 հազարը բնակվում է Ռուսաստանում ` հիմնականում` Կրասնոդարի երկրամասում: Շատ անգամ տեղի բնակիչները չեն հասկանում մեր մշակույթի առանձնահատկությունները, ինչը կարող է նաև լուրջ բախումների հանգեցնել: Մեր խնդիրն է` ստեղծել այնպիսի մթնոլորտ , որ հնարավոր լինի վերադառնալ այնտեղ, որտեղ մենք մինչ այդ ապրել ենք: Հակառակ դեպքում, եթե բախումներ ծագեն, սկսվելու են քննարկումներ` «երկխոսության» հասնելու փորձերով», որոնք դժվար թե արդյունք տան», - նշեց նա:
Ըստ Ռ.Խոսրոևի` թեև ասորական համայնքն Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղակի ճնշումների չի ենթարկվել, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ստեղծված այլատյացության մթնոլորտը ստիպել է ասորիներին հեռանալ Ադրբեջանից, շատ անգամ` թողնելով ամեն ինչ: