31/01/2011 10:29
Իտալիայում ձերբակալվել է Դոկու Ումարովի եղբայրը
Գրոհային Դոկու Ումարովի եղբայրը` 35-ամյա Ռուսլան Ումարովը, կիրակի օրը ձերբակալվել է Իտալիայում: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն` հղում անելով իտալական ANSA գործակալությանը:
Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները Ումարովին իջեցրել են գնացքից, որով նա ժամանել էր Ֆրանսիայից: Այն մասին, որ Ռուսլան Ումարովը ուղևորվում է դեպի Իտալիա, ոստիկանությանը տեղեկացրել էին ֆրանսիական հատուկ ծառայությունները:
Հաղորդվում է, որ գրոհայինի եղբայրը մտադրվել էր Իտալիայում փախստականի կարգավիճակ խնդրել:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով` Ռուսլան Ումարովը գտնվում է անօրինական ներգաղթյալների ժամանակավոր կացարանում` Գորիցիա նահանգում: Հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է նրան ներկայացվելու:
Ռուսլան Ումարովի ձերբակալության վերաբերյալ ռուսաստանյան իշխանությունների արձագանքը դեռ հայտնի չէ:
Դոկու Ումարովը չեչեն գրոհայինների առաջնորդ է: ԶԼՄ-ների տվյալներով, Ումարովը 2004 թ. սեպտեմբերին Բեսլանում դպրոցի գրոհի կազմակերպիչն էր: Բացի այդ, նա պատասխանատվություն էր վերցրել 2010 թ. մարտին Մոսկվայի մետրոյում իրականացված պայթյունների համար:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41