31/01/2011 18:18
Հայաստանում կարող է երկպալատ խորհրդարան լինել
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայում մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է սենսացիոն գաղափարի մասին: Նա փոխանցել է Հանրապետության Նախագահի մտադրությունը` Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնելու երկպալատանի` հնարավորություն ընձեռնելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկելու նաև աշխարհասփյուռ մեր հայրենակիցների ներկայացուիցչներին, այդպիսով աշխարհասփյուռ հայությանը մասնակից դարձնելով նաև մեր երկրի պետական կառավարմանը: Սփյուռքի նախարարը Կալիֆորնիայում է` հանդիպելու խոշորագույն հայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ:
«Հանրապետության Նախագահը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացություն, և անում է առաջարկություն, որ այո, պետք է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը: Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի, առաջին պալատ` ներքին պալատ և վերին պալատ: Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաև սփյուռքահայեր: Ես այսօր տեսա, մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգևորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ: Առաջին քայլը նախագահի կողմից այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, նախարարության ստեղծումով մշակվեց լուրջ քաղաքականություն սփյուռք-հայրենիք կապերի նկատմամբ, երկրորդը` ներդրվեց երկքաղաքացիություն ինստիտուտը, երրորդը, փաստորեն, երրորդ քայլն ենք անում, ստեղծելով վերին պալատ, որով սփյուռքահայը իր ձայնը, խոսքը կունենա պետական կառավարման, քաղաքականության մշակման և պետական իշխանության գործում»,- ասել է նա: