31/01/2011 13:07
Ազգային փոքրամասնությունները ՄԱԿ-ին բողոքում են Ադրբեջանից
Քաղաքական, կրոնական և ազգային խմբերի՝ Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդն այսօր նամակով դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով միջամտել ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Բաքվի կողմից ուժգնացող հալածանքների խնդրին և միջոցներ ձեռնարկել, որպեսզի փախստականներն այլևս ճնշումների չենթարկվեն Ադրբեջանի կողմից: Այսօր ասուլիսին այս մասին հայտնեց քաղաքական, կրոնական և ազգային խմբերի՝ Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Պոլատովը:
Ըստ բանախոսի` վերջին շրջանում Բաքուն ավելի է ուժեղացրել ճնշումները քաղաքական, կրոնական և ազգային խմբերի նկատմամբ:
«Բաքվի ռեժիմը շարունակում է սերմանել ռասայական ատելություն, ջանքեր է գործադրում՝ հայի կերպարն ավելի թշնամացնելու համար», - ասաց նա` նշելով, որ ադրբեջանահայերին, ինչպես նաև Հայաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնություններին մտահոգում է նաև Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը:
«Սուտն ու կեղծարարությունը, որոնք ագրեսորի և իրական օկուպանտի համար այդ սարսափելի որակումն արդարացնելու միակ միջոցն են, պետք է մերկացվեն»,- մասնավորապես նշվում է նամակում:
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչու՞ է Համակարգող խորհուրդը որոշել նամակով դիմել այս պահին, ոչ թե ավելի վաղ` Է.Պոլատովը հիշեցրեց, որ մինչ այդ ադրբեջանահայերն ու ազգային փոքրամասնությունների ներակայացուցիչները դիմել էին միջազգային կառույցներին` Ադրբեջանում տիրող իրավիճակի շուրջ, սակայն դրան հետևել են Բաքվի հայտարարությունները, թե Հայաստանում ազգային փոքրամասնություն չկա:
«Ադրբեջանական ղեկավարությունը մեր հասցեին վիրավորող հայտարարություններ հնչեցրեց, պնդելով, թե Հայաստանում ազգային փոքրամանություններ չկան, իսկ այս ուղերձներն, իբր թե, գրված են պետական մարմիների կողմից լիազորված հայերի կողմից: Այս նամակներն արված են ոչ միայն ադրբեջանահայերի, այլ նաև` Խանլարից վտարված ասորիների, ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ ավերված Մեհմանե հունական գյուղի բնակիչների կողմից»,- ընդգծեց Է.Պոլատովը` շեշտելով, որ ինքն ազգությամբ հույն է և ներկայացնում է ԼՂ հակամարտության ժամանակ տուժած Ադրբեջանի հույներին: