01/02/2011 16:33
«ԿԱՄՈՒՐՋ»-ում կքննարկեն մակրոտնտեսական կայունությունը
Արդեն ավանդական դարձած «ԿԱՄՈՒՐՋ» Միջազգային Տնտեսական Համաժողովը ինչպես միշտ լինելու է Հայաստանի ձմեռային գործարար կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը:
Ամբողջ 3 օր` փետրվարի 25-28-ը, լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը կվերածվի տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի: Համաժողովի հիմնական նպատակը ոչ ֆորմալ մթնոլորտում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր սցենարների քննարկումն է և տնտեսական զարգացման հիմնական ռազմավարության մշակումն է:
Արդարացնելով «Հայկական Դավոս» անվանումը` «ԿԱՄՈՒՐՋ» VIII Միջազգային Տնտեսական Համաժողովը հանդիսանում է հանդիպման և բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար:
Այս տարվա գլխավոր թեման է` «Մակրոտնտեսական կայունությունը ետճգնաժամային աշխարհում»:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ, այդ թվում հետևյալ թեմաներով` Բիզնեսի տեղը և դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում, Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն և վարկային ռիսկերի ծածկույթը, Ինովացիոն տնտեսությունը որպես զարգացման հիմք, Շինարարական ոլորտում ներդրումների ներգրավման ուղիները, Մտավոր սեփականության իրավական պաշտպանության արդիական խնդիրները, Հարկային վերահսկողությունը և հարկային վարչարարությունը երեկ, այսօր, վաղը, Պետության և բիզնեսի փոխհարաբերությունները Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում, Փոքր և միջին բիզնեսի աջակցման և զարգացման ծրագրերը, Տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը, Տնտեսական համագործակցությունը «Հայկական աշխարհում», Կրթություն և բիզնես` համագործակցություն հանուն ապագայի:
Կազմկոմիտեից հայտնում են, որ համաժողովն անց է կացվում Հայաստանի Էկոնոմիկայի Նախարարության և Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական աջակցությամբ: