03/02/2011 16:19
Թուրքագետ. Ռուսաստանը թույլ չի տա, որ Թուրքիան ակտիվանա
ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը կարելի է համարել կառույցի նախագահ Մևլութ Չավուշօղլուի հաղթանակը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության բոյկոտն օգնի, որ այդ ենթահանձնաժողովը ցրվի, շատ լավ կլինի, սակայն եթե Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը շարունակի իր գործունեությունը, մենք` ուզած-չուզած, պետք է մտնենք այդ խաղի մեջ»,- ասաց նա:
Հարցին, թե Չավուշօղլուի այդ հաղթնակը և թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացումը կարո՞ղ են նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը ԵԱՀԿ ՄԽ-ից այլ ձևաչափ տեղափոխելուն, թուրքագետը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ։ «ԵԱՀԿ համանախագահող երկրները կանեն ամեն բան, որ Թուրքիան մուտք չգործի եռանախագահության կազմ»,- ասաց Ա. Շաքարյանը։
Թուրքագետի խոսքերով` որքան էլ բարիդրացիական են Մոսկվայի և Թուրքիայի հարաբերությունները, սակայն Ռուսաստանը թույլ չի տա, որ Թուրքիան ակտիվանա այս գործընթացում: