03/02/2011 09:35
ԶԼՄ-ներ. Կահիրեում սպանվել է երեք ցուցարար
Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում չորեքշաբթի երեկոյան իրավիճակը ծայրահեղ շիկացած էր: Ընդդիմության և նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների` 500-ից 600 մարդ է վիրավորվել: Վիրավորների թվում են կանայք և երեխաներ:
Այսօր առավոտյան Assosiated press-ը, վկայակոչելով բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկին` Մուստաֆա ալ-Նագարին, հայտնում է, որ ընդդիմության ուղղությամբ կրակ է բացվել, որի հետևանքով զոհվել է երեք ցուցարար:
Զինվորականները, ըստ աղբյուրի, չեն միջամտել տեղի ունեցածին:
Այսօրվա դրությամբ` հարյուրավոր ցուցարարներ շարունակում են իրենց բողոքի ակցիան Թախրիր հրապարակում: Ըստ Բի-բի-սի-ի, նրանք հայտարարում են, որ եթե նախագահ Մուբարաքը հրաժարական չտա` ուրբաթ օրը ցույցերը կտեղափոխվեն վերջինիս նստավայրի մոտ: