03/02/2011 12:36
Ռ.Մուրադյան. Կայքերի կոտրելու փաստը «քաղաքական մեսիջ» է
«1923» կոչվող թուրքական հակերային խմբի կողմից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներ պարունակող արտասահմանյան 6157 կայքերի կոտրելու փաստը «քաղաքական մեսիջ» է, որն ավելի շատ մեր օգտին կաշխատի, քան` ի վնաս: Նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սմարթ-տեխ» ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը:
Ըստ նրա` այդ թուրքական խումբը նման քաղաքականություն է սկսել և նախապաստրաստվում է ապրիլի 24-ին: Ռ. Մուրադյանի խոսքով, նախկինում դրանով զբաղվում էին ադրբեջանական հակերները: «1923» կողչվող թուրքական հակերային խումբը հայտնի խումբ է, ունի շատ մասնակիցներ, որոնք շատ ակտիվ են: Նրանց հաշվին գրանցված են 96 հզ. կոտրած վեբ-կայքեր:
«Սա ահազանգ է մեզ համար: Սա Հայոց Ցեղասպանության ժխտման գործին է ուղղված»,- ասաց Ռ. Մուրադյանը և հավելեց. «Պետական վեբ-կայքերի ադմինիստրատորները պետք է զգոն լինեն, աշխատեն և հակադարձեն»:
Միաժամանակ, Ռ. Մուրադյանը անհասկանալի համարեց, թե որտեղից է վերցված այդ 6157 կոտրված կայք թիվը. «Նման թիվը կասկածելի է թվում»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի խոսքով` կայքերի կոտրելն ունի նաև օգուտներ. թուրքերը կոտրում են մի մարդու կայքը, և այդ մարդը «հոգեբանորեն դառնում է մեր ընկերը»:
«Փաստորեն, ունենք 6000 ընկեր: Խաղաղ ժամանակ կայք կոտրելը համարում եմ երեխայություն»,- ասաց Տ.Քոչարյանը: