04/02/2011 15:42
Պատգամավոր. Կառավարությունն իրեն չի արդարացնում
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ կառավարության գործունեությանը` նշելով, որ գործադիրի աշխատանքն իրեն չի արդրացնում:
«Կառավարության իրականացրած քայլերի արդյունքում ականատես ենք լինում արտագաղթի աճի, ժողովրդագրական պատկերի վատթարացման, ժողովրդի էլ ավելի աղքատացման, տնտեսական շատ համեստ աճի, որը թույլ չի տալիս անգամ հասնել 2001-ի կամ 2003-ի մակարդակին», - նշեց նա:
Ըստ բանախոսի`տնտեսական ժողովրդավարության զարգացման դեպքում հնարավոր է զարգացնել քաղաքական ժողովրդավարությունը: Լ.Ալավերդյանի համոզմամբ` աղքատության շեմին գտնվող մարդը չի կարող անցկացնել ազատ ու արդար ընտրություններ:
«Սրա արդյունքում պետք է արձանագրել մի բան. Հայաստանի Հանրապետությունում վարչարարությունը գնալով ավելի ու ավելի աղքատիկ է դառնում, մենք այդպես էլ չունեցանք տնտեսության դիվերսիֆիկացիա, որի մասին այդքան խոսում ենք: Միայն մի փոքր խմբերի վրա է զգացվում բարձր տեխնոլոգիաների ինչ-որ շարժ»,- նշեց Լ.Ալավերդյանը:
Պատգամավորի կարծիքով` իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ են ոչ թե «կարկատանի» նման քայլեր, այլ արմատական ու համակարգային բարեփոխումներ:
«Երեք տարի է անցել, բայց այս կառավարության մոտ չի ստացվում. կամ ունակ չէ, կամ մասնագիտական ֆինանսիստը չի կարողանում ընկալել երկրի զարգացման համայնապատկերը, կամ էլ կան այլ խոչընդոտներ, որոնց մասին ես իրազեկված չէմ: Բայց որ այսպես շարունակել չի կարելի, դա միանշանակ է»,- ասաց բանախոսը:
Նախկին օմբուդսմենը իր կողմից նշված իրավիճակում չբացառեց Հայաստանում Եգիպտոսի դեպքերի կրկնությունը:
«Սոցիալական պոռթկումը, որը միանում է քաղաքական անօգնականությանն ու անուժ լինելուն, անպայման բերում է բախումնային սցենարների», - իր տեսակետը պարզաբանեց Լ.Ալավերդյանը: