07/02/2011 12:47
Մ. Գյուլթեքի. Դերսիմի գյուղերի 75%-ը հայաբնակ է
Դերսիմի բնակչության մեծ մասը հայկական արմատներ ունի, սակայն վախի պատճառով մարդիկ չեն կարողանում խոստովանել այդ մասին: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց Թուրքիայում գործող Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միության հիմնադիր Միհրան Գյուլթեքին: Թուրքահայը, ով առաջին անգամ է եկել Հայաստան, տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ նրա ընտանքը որոշեց բացահայտել արմատները և վերականգնել հայկական անունը, թեև մշտապես վտանգ կար, որ թուրքական իշխանությունները կարող են դա վտանգել:
«Դերսիմում մեր ընտանիքը բոլորի կողմից հայտնի է որպես հայի ընտանիք: Ընտանիքում շատ էր խոսվում հայկական արմատներին վերադառնալու խնդիրը: Երբ բացվեցին միջազգային մի քանի խոշոր արխիվներ, դրանց ծանոթանալուց հետո, դիմեցի դատարան` փոխեցի անունս, իսկ հետո հիմնեցի այս միությունը`Թուրքիայում գործող «Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության» միությունը», - ասաց բանախոսը:
Ըստ Մ.Գյուլթեքիի` թեև Թուրքիայի իշխանություններն այսօր չեն խոչընդոտում հայերին վերականգնել իրենց ինքնությունը և վերադարձնել հայկական անունները, ծպտյալ հայերը չեն դիմում այդ քայլի` վախենալով, որ իշխանությանը կարող են վերադառնալ ազգայնական ուժերը, և նրանց նկատմամբ հալածանքեր կիրականացվեն:
«Գուցե ներկայիս իշխանությունների կողմից ճնշում չկա, սական նրանք չեն գնում այդ քայլի` ավելի շատ հոգեբանական ճնշման պատճառով», - ասաց նա: Ըստ միության հիմնադրի` այսօր իրենց հայկական արմատների մասին խոսում է շուրջ 200 ընտանիք, իսկ Դերսիմի գյուղերի 75%-ը հայաբնակ է: