07/02/2011 13:27
Դերսիմի հայերը ցանկանում են հայաստանցիների հետ կապեր հաստատել
Դերսիմի երիտասարդությունը նախընտրում է հրավիրել հայաստանիցի երիտասարդությանն իրենց մոտ, քան` այցելել Հայաստան: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Թուրքիայում գործող` Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության միության հիմնադիր Միհրան Գյուլթեքին:
«Դերսիմի հայերը առայժմ չեն կարող այցելել Հայաստան երկու պատճառով: Նախ` մտավախություն ունենալով, որ հայաստանցիներն իրենց չեն ընդունի որպես հայրենակից, մյուսը` դեռ չկան անհրաժեշտ հոգևոր կապերը», - պարզաբանեց նա:
Բանախոսը հիշեցրեց, որ դավանափոխ հայերը, ինչպիսին է Դերսիմի բնակչության մեծագույն մասը, Թուրքիայում որպես հայ չեն ընդունվում:
«Նրանք մահմեդական են: Նախ` պետք է քրիստոնեություն ընդունեն, մկրտվեն: Ամբողջությամբ ինքնությունը վերականգնելու համար պետք է դիմել դատարան և հիմնավոր փաստեր ներկայացնել», - ասաց նա:
Հայաստանի հետ հոգևոր կապերը հաստատելու նպատակով Միհրան Գյուլթեքին Հայաստանի երիտասարդությանը փոխանցեց Դերսիմի երիտասարդության հրավերը՝ այցելել Դերսիմ, իսկ Հայաստանի մշակութային ակումբներին` մասնակցել արդեն 5-րդ տարին օգոստոսի վերջին այդ քաղաքում ընթացող մշակութային փառատոնին: