07/02/2011 11:04
Եգիպտոսում կրքերը հանդարտվում են
Կահիրեում և Ալեքսանդրիայում հակակառավարական ցույցերը երեկ շարունակվել են ողջ օրը: Սակայն ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվել հավաքել «միլիոնների երթ»: Իշխանությունները գնացել են բանակցությունների: Ընդհանուր առմամբ, Եգիպտոսում կրքերը հանդարտվում են:
Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, Կահիրեում հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել էր փոխնախագահ Օմար Սուլեյմանի նախաձեռնությամբ, առաջին անգամ ներկա էին երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» խմբավորման ներկայացուցիչներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կսկսի սահմանադրական բարեփոխումների նախապատրաստումը: Նախատեսվում է փոխել նախագահական լիազորությունների ժամկետը և ավելի շատ թվով թեկնածուների թույլատրել մասնակցելու պետության ղեկավարի ընտրություններին: Հստակ առաջարկները պետք է պատրաստ լինեն մարտին: Ամեն դեպքում, Սուլեյմանի հետ հանդիպումից հետո «Մահմեդական եղբայրներ» հայտարարել են, որ շարունակելու են պահանջել Մուբարաքի հրաժարականը:
Ընդդիմության առաջնորդներից Մոհամմեդ էլ-Բարադեյը փոխնախագահի հետ հանդիպմանը չէր գնացել: Նրա խոսքով, նա չի մասնակցի երկխոսությանը, քանի դեռ Մուբարաքը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը: