08/02/2011 17:25
Սերոբ Տեր-Պողոսյանը «պատասխանեց» Aysor-ի հարցերին
«Մեկ անգամ ևս հաստատում եմ, որ մամուլում և համացանցում իմ դեմ կազմակերպված քարոզչական արշավով փորձում են վարկաբեկել իմ անունն ու պատիվը: Ի պատասխան Ձեր կողմից բարձրացված հարցերի, թե կոնկրետ ե՞րբ և ու՞մ դեմ է ուղղված լինելու իրավապահներին ներկայացվելիք իմ դիմումը, հայտնում եմ, որ ներկա պահին կոնկրետ պատասխաններ տալու ժամանակը չէ, քանի որ այսօր խոսելով` ես նույնպես կխախտեմ ՀՀ օրենսդրության պահանջները, այնպես ինչպես իրենք են խախտել»,- Aysor-ի գրավոր հարցմանն ի պատասխան` պարզաբանեց «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը:
Նշենք, որ Aysor-ը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել մամուլի հրապարակումներով մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանին` վերջինիս տարածած հերքման կապակցությամբ:
Հարցաման նպատակն էր`ճշտել, թե երբ է Ս. Տեր-Պողոսյանը պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին և պահանջել, որպեսզի «բացահայտեն իր դեմ կազմակերպած «խեղկատակության» հեղինակներին ու պատվիրատուներին» և թե ո՞ր լրատվամիջոցի, անձի կամ կազմակերպության դեմ է ուղղված լինելու իրավապահներին ներկայացվելիք նրա դիմումը:
Պատասխան նամակում բացակայում էր նաև Aysor-ի 2-րդ հարցի պատասխանը`թե Ս. Տեր-Պողոսյանի կարծիով`«ու՞մ հատուկ պատվերն են կատարում լրատվամիջոցներն ու ի՞նչ նպատակով»:
Փոխարենն ընկերության տնօրենը վստահեցրել էր, որ «Հարմար ժամանակին, երբ կկարողանանք Aysor-ի բարձրացրած հարցերին կոնկրետ պատասխանել` առանց որևէ օրենք խախտելու, կտեղեկացնենք այդ մասին»: