09/02/2011 11:05
ՌԴ ԱԳՆ-ն բացատրել է The Guardian-ի լրագրողի վտարման պատճառը
Բրիտանական «The Guardian» թերթի լրագրող Լյուկ Հարդինգին վտարել են Ռուսաստանից` օտարերկրյա թղթակիցների աշխատանքի կանոնների խախտման համար: Այս մասին, ըստ Lenta.ru-ի, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Լրագրողը, ըստ նախարարության տեղեկություների, խախտել է «մի շարք» կանոններ, որոնք հայտնի են բոլոր օտարերկրյա թղթակիցներին: Հարդինգը Ռուսաստանում աշխատնքը շարունակելու համար հավատարմագրման երկարացում էր ստացել, սակայն մեկնել էր Լոնդոն` չստանալով վկայականը: Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ բոլոր կանոնների պահպանման դեպքում` լրագրողը երկիր մուտք գործելու դժվարություններ չի ունենա:
Նախորդ հանգստյան օրերին լրագրողը փորձել էր անցնել Ռուսաստանի սահմանը, սակայն անձնագրի ստուգումից հետո նրա մուտքի արտոնագիրն անվավեր էր համարվել, իսկ Հարդինգը ստիպված էր եղել վերադառնալ Մեծ Բրիտանիա:
Նշենք, որ Հարդինգն առաջին արտաքսված լրագրողն է` «սառը պատերզմից» հետո:
Լրագրողը և «The Guardian»-ի խմբագրությունը հակված են կարծելու, որ վտարումը կապված է Wikileaks կայքում հրապարակված նյութերի հիման վրա Հարդինգի պատրաստած նյութերի հետ: Բացի այդ` լրագրողը Wikileaks-ի մասին գրքի համահեղինակն է, իսկ «The Guardian»-ը սկանդալային կայքի բացառիկ գործընկերն է Մեծ Բրիտանիայում: