10/02/2011 16:39
Բաբիտա Բիսվասը ներկայացրեց իր կտավները` վարլի ոճում
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց հնդիկ վարլի ժողովրդական ոճի նկարչուհի Բաբիտա Բիսվասի նկարների ցուցահանդեսը:
Բացման խոսքում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ նկարչուհու կտավներում ազգայինն է ու ժամանակակիցը:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան իր հերթին ընդգծեց, որ 2010 թ.-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հնդկաստան կատարած այցի ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն` երկուստք իրականացնել մշակութային միջոցառումներ. Բաբիտա Բիսվասի ցուցահանդեսը առաջին քայլն է:
«Այս միջոցառումների նպատակն է թե' հայերին, թե' հնդիկներին ծանոթացնել ներկա մշակութային հարուստ ժառանգությանը, որ երկու երկրներն էլ ունեն»,- շեշտեց Ա. Կ. Մալհոտրան:
«Վարլի ոճը ծագել է ավելի քան 2 հազար տարի առաջ: Ուղղակի այն ժամանակ օգտագործում էին մանուշակագույն ֆոն և նկարվում էր սպիտակ գույնով: Ես ընդամենը գունավորել եմ վարլի ոճը և ստեղծել իմ կերպարները հնդկական առասպելաբանությունից»,- ընդգծեց Բաբիտա Բիսվասը:
Նշենք, որ վարլի նկարչությունը սերում է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգից: Վարլիները Մահարաշտրայի Տհանա բնակավայրի բնիկներն են, որոնք ապրում են հասարակ կավից և եղեգից պատրաստված տնակներում: