10/02/2011 11:39
Ալ.Իսկանդարյան. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը թերի է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցն իր բովանդակությամբ ստեղծում է այն տպավորությունը, թե միտված է արդարացնելու պատերազմի վերսկսումը: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ բանախոսի` զեկույցի մեջ պակասում է վերլուծական շեշտադրումը, և պրակտիկ մասը չի համապատասխանում եզրահանգումներին:
«Դժվար է ասել, թե որոնք են պատճառները, սակայն պարզ է, որ այն ի սկզբանե միտված էր արդարացնելու պատերազմի վերսկսումը», -ասաց նա:
Ա.Իսկանդարյանի կարծիքով` զեկույցի մեջ առկա են ոչ մասնագիտացված վերլուծությունների փորձեր, որոնք որոշակիորեն փոխում են զեկույցի նշանակությունը: Միաժամանակ փորձագետը նշեց, որ չնայած փաստագրական որոշ թերությունների` զեկույցը բավական հագեցած է:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման վերաբերյալ մտահոգություններին` Ալ. Իսկանդարյանը նշեց, որ այն ժամանակին ուներ սթափեցնող ազդեցություն, սակայն ադրբեջանական շարունակական ռազմական հրետորաբանությունը «մթագնեց այս սթափ վիճակը»: