10/02/2011 16:18
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրեբաջանական շփման գծում` նշելով, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել նաև գերիների վերադարձման վերաբերյալ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից ոչ լիարժեք կատարման և գործընթացին խոչընդոտելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը միակարծիք են եղել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորության շուրջ: