11/02/2011 17:35
Արցախի նախագահը հանդիպել է դատախազության աշխատակիցներին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել հանրապետության դատախազության աշխատակիցների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի արդյունքները և անդրադարձ է կատարվել 2011 թվականի անելիքներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ` զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, համակարգի պատասխանատու աշխատողներ:
Երկրի ղեկավարը իր խոսքում բավարար է գնահատել դատախազության 2010 թվականի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ ձեռքբերումների հետ մեկտեղ կան նաև շատ անելիքներ:
Հատուկ ուշադրություն է դարձվել կադրային քաղաքականությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ դատախազության աշխատակիցները պետք է ավելի խստությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, և նրանք, ովքեր ակնհայտորեն չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին` անվերապահորեն կազատվեն աշխատանքից:
Նախագահը նաև անդրադարձել է դատախազության նյութատեխնիկական բազայի ամրապնդման հարցին՝ կարևորելով ժամանակակից դատական փորձաքննությունների լաբորատորիա և դատաբժշկական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել դատախազության ղեկավարությանը: