11/02/2011 16:45
Հրամանագիր` ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության մասին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ստորագրել է հրամանագիր` Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության մասին:
Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ`Կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություններին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրությանը հանձնարարվել է համատեղ մշակել ու իրականացնել Արցախի Հանրապետության անկախության պատմական նշանակությանը նվիրված ծրագրեր, ապահովել տոնակատարության նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պատշաճ լուսաբանումը:
Ըստ հրամանագրի` հաստատվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անհատական կազմը: