11/02/2011 12:35
ԱԳ նախարար. Բաքուն հետաքրքրված չէ ԼՂ հարցի լուծմամբ
Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը տեղափոխել այլ հարթակներ: Այդ մասին այսօր Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացմանը:
«Ադրբեջանը փորձում է հակամարտության լուծումը գտնել ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ադրբեջանը պարզապես փորձում է իր ներքին պրոպագանդան արտահանել արտաքին ասպարեզ», - ասաց Է.Նալբանդյանը:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` Բաքուն փորձում է աղմուկ բարձրացնել հակամարտության շուրջ, այլ ոչ թե զբաղվել կոնկրետ դրա լուծմամբ:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացմանը` ՀՀ ԱԳ նախարարը կարծիք հայտնեց, որ «նախկինում այդ կառույցի գործունեությունը առանձնապես արդյունավետությամբ աչքի չէր ընկնում` բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման տեսանկյունից»:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված է մեր խորհրդարանականների հայտարարություններում: