11/02/2011 09:24
Մուբարաքը փոխանցեց իր լիազորությունները Սուլեյմանին
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը փոխանցեց իր լիազորությունները փոխնախագահ Օմար Սուլեյմանին` միաժամանակ պահպանելով երկրի ղեկավարի պաշտոնը: Մուբարաքը հեռուստաեթերում նշել է, որ իր համար ամենից կարևորը պետության շահերն են, սակայն երբեք չի գործի «արտասահմանից եկող թելադրանքով», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսով, այժմ երկրի արտաքին և ներքին քաղաքականության հարցերով պատասխանատու է Օմար Սուլեյմանը: Միևնույն ժամանակ, Հոսնի Մուբարաքը պահպանել է խորհրդարանը և կառավարությունը լուծարաելու, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների առաջարկ անելու լիազորությունները:
Նախագահի լիազորությունները ստանձնած Օմար Սուլեյմանը, ելույթ ունենալով Հոսնի Մուբարաքից անմիջապես հետո, կոչ է արել ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաները:
Ցուցարարներն, իրենց հերթին, դժգոհ են նախագահի հայտարարությունից և մտադիր են շարունակել իրենց բողոքը` մինչև Մուբարաքի պաշտոնանկությունը:
Ընդդիմության առաջնորդներից Մոհամեդ էլ-Բարադեին զգուշացրել է Twitter-ի իր բլոգի միջոցով, որ Եգիպտոսում կարող է «պայթյուն» տեղի ունենալ` նշելով, որ «բանակը պետք է անմիջապես փրկի երկիրը»: