14/02/2011 12:29
ԼՂՀ հակամարտությունը խանգարում է Սահակաշվիլիի երազանքին
Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են անվտանգության և տնտեսության ոլորտում տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացնում է Ռոսբալտ.ռու-ն, հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Ըստ աղբյուրի` քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Անդրկովկասի ինտեգրացիոն գործընթացներն` անվտանգության և տնտեսության ոլորտներում:
«Միացյալ Կովկասն իմ վաղեմի երազանքն է։ Տարածաշրջանի երկրների առաջնորդները, մասնավորապես` Ադրբեջանի և Հայաստանի, համաձայն են ինձ հետ այդ մղումների առումով»,– ընդգծել է Սահակաշվիլին։
Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահը նշել է, որ, անկասկած, տվյալ գաղափարի իրականացման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կլինեն, որոնց թվում նա մասնավորցրել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը:
«Սակայն գոյություն ունեն նաև տարածաշրջանի երկրները միավորող դրական կողմեր, ինչպես օրինակ Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանն անցնելու պարզեցված կարգը, որը գործում է «մեկ կանգառ» ռեժիմով, երբ տրանսպորտային միջոցների վարորդներն անգամ չեն լքում իրենց տեղերը։ Տարածաշրջանի մյուս երկրները կարող են «ընդօրինակել» այդ պրակտիկան»,– ասել է Միխեիլ Սաակաշվիլին։
Աղբյուրը հայտնում է, որ Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Ահմետ Դավութօղլուն քննարկել են վրաց-թուրքական սահմանի անցումը պարզեցնելու մասին մի շարք հարցեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է սահմանը հատելուն` անձը հաստատող փաստաթղթով: Թուրք նախարարը նաև խոստացել է, թե Անկարան կսատարի Թբիլիսիին ԵԱՀԿ-ում: