15/02/2011 15:28
Կարծիք. ՀՀ և ԼՂՀ շուրջ մթնոլորտն ավելի դրական է դարձել
Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունները ավելի են նվազել, քան նախորդ տարի: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Որևիցե մեկն այսօր չի կարող ճշգրիտ ասել` կլինի՞ պատերազմ, թե ոչ, բայց և այնպես այս տարի գոնե բոլոր նախանշանները կան. այդ պատերազմի հավանականությունն ավելի նվազել է, քան նախորդ տարի», - ասաց նա: Ըստ բանախոսի` սա, առաջին հերթին, հայկական կողմի դիվանագիտական, կազմակերպչական քայլերի շնորհիվ է:
Գ.Հարությունյանի կարծիքով, ԼՂ կարգավորման գործընթացի համար մեծ նշանակություն է ստանում նաև կրոնական գործոնը: Ըստ փորձագետի` խնդիրների նկատմամբ աշխարհում փոխվել է վերաբերմունքը և սկսել են ավելի շատ կարևորել քրիստոնեական գործոնը, ինչից էլ բխում է այն, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ մթնոլորտն ավելի դրական է դարձել:
«Հասկացել են, որ կան ավելի կարևոր արժեքներ, քան նավթն ու գազը, ինչն էլ կարող է լավատեսություն ներշնչել», - ասաց բանախոսը` որպես օրինակ բերելով Հարավային Սուդանի նախադեպը:
«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ քրիստոնեական Սուդանի տարանջատումը ամերիկյան նախագիծ էր, և նույնը կարելի է նկատել նաև Եվրոպայում: Մենք տեսնում ենք, որ եվրոպացիներն այսօր ավելի շատ թեքվում են դեպի քրիստոնեությունը, ինչը որոշակիորեն բարելավում է մթնոլորտը Ղարաբաղի առումով` դեպի քրիստոնեական ազգ, որը փորձում է ինքնորոշվել ինչպես Սուդանը և այլն», - պարզաբանեց Գ.Հարությունյանը: