15/02/2011 10:50
ՆԱՏՕ-ն չի միջամտի հայ-ադրբեջանական հակամարտությանը
Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի երկրների հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը նախօրեին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
«ՆԱՏՕ-ն չի տեսնում իր դերակատարությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում, չնայած` երկու երկրների միջև ներկայիս հարաբերությունները մտահոգում են մեզ», - հայտարարել է Ջ.Ապպատուրայը:
Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել նաև Հարավային Օսիային ու Աբխազիային վերաբերով հարցերին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: