16/02/2011 14:11
Տիգրան Քոթանջյանը չի զիջում դիրքերը
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» փառատոնի «A» մրցաշարում վերջին տուրից առաջ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 8 հնարավորից վաստակել է 5, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը` 4,5, Ավետիք Գրիգորյանը` 4, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 3 միավոր: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Լե Քան Լիմը (Վիետնամ) և Իվան Չեպարինովը (Բուլղարիա):
«B» մրցաշարում վերջին տուրից առաջ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի նաև գրոսմայստեր Նիկոլայ Կաբանովը (Ռուսաստան), սակայն նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Առաջատարներից կես միավորով է հետ մնում ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը: 5,5-ական միավոր ունեն ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Հայրապետյանը և գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը:
Հայ շախմատիստները շարունակում են իրենց գերազանց ելույթները նաև «C» մրցաշարում: Վերջին տուրից առաջ նրանք զբաղեցնում են առաջին յոթ տեղից վեցը: 8 հնարավորից վաստակելով 7 միավոր` մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Դավիթ Շահինյանը: Երկրորդ-երրորդ տեղերը բաժանում են Արթուր Ղարագյոզյանը և Տիգրան Սիմոնյանը, ովքեր առաջատարից հետ են մնում կես միավորով: Իրենց ակտիվում 6-ական միավոր ունեն Վարդան Խոջայանը, Սարգիս Վ. Մանուկյանը և Էդուարդ Բարսամյանը: