16/02/2011 15:11
ՀՀ և Վրաստանի վարչապետները ձեռք են բերել համաձայնություններ
Այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Նիկա Գիլաուրին համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ քննարկել են օրակարգում առկա տնտեսական համագործակցության բոլոր խնդիրները և ձեռք են բերել համաձայնություններ:
Տ. Սարգսյանի խոսքով, մասնավորապես համաձայնություններ են ձեռք բերվել մաքսային համագործակցության, ճանապարհաշինության, մարդատար և բեռնատար մեքենաների կողմից սահմանի հատման խնդիրների վերաբերյալ.
«Վրաստանում ընդունել են նոր օրենքներ, որոնք նոր ռեժիմներ են սահմանում, և մեր գերատեսչությունները պետք է աշխատեն այս ոլորտում», - նշեց ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ քննարկել են նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ, մասնավորապես, թե ինչպես են Վրաստանում պայքարում գնաճի դեմ:
ՀՀ վարչապետը նշեց, որ քննարկումներ են ընթացել հունվարի 22-23-ին Վրաստանի նախագահի Հայաստան այցի ժամանակ երկու նախագահերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ և հստակեցվել է, թե ինչ քայլեր պետք է կատարվեն:
«Քննարկել ենք շատ հետաքրքիր հարցեր բոլոր խնդրահարույց ոլորտներում, որ կան մեր հարաբերություններում, քննարկել ենք սահմանային կետերի համատեղ վարման հարցերը, տրանզիտային հարցրեը, որոնց քննարկելը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասաց Ն. Գիլաուրին` հավելելով, որ քննարկել են նաև գնաճը, որը շատ գլոբալ խնդիր է և մեծ նշանակություն ունի Հայաստանում և Վրաստանում. «Ունենք ընդհանուր ծրագրեր, նորանոր ծրագրեր»: